Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Արդարադատության գեներալի նկատմամբ հայտարարված էր հետախուզում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Ապրիլ — Sputnik. Ռուսաստանի Դաշնության իրավապահները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին:

Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ըստ նրա, այժմ ընթանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար, ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացը։

Միհրան Պողոսյանի տնից առգրավում է կատարվել.ԱԱԾ–ն և ՀՔԾ –ն միասին են խուզարկում իրականացրել

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Ըստ քրեական գործի՝ սա առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Միհրան Պողոսյանին: Արդարադատության գեներալի նկատմամբ հայտարարված էր հետախուզում: