ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում որոտացած պայթյունների զոհերի թիվը հասավ 160-ի. վիրավոր են 360-ը: Այս մասին տեղեկացնում է News 1ST-ն:
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան, Զատկի տոնախմբության ընթացքում պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում և Կոչիկադեի (Kochikade), Բատիքալոայի (Batticaloa) և Նեգոմբոյի (Negombo) եկեղեցիներում:
«Զոհերի թիվը սրընթաց աճում է»,- նշված է հրապարակման մեջ:
Պայթուցիկները համարյա միաժամանակ պայթել են 3 հյուրանոցներում և երեք եկեղեցիներում: Առայժմ ոչ մի ծայրահեղական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց արդեն հայտնի է, որ այն նախապես պլանավորած է եղել:
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգխեն հրավիրել է կառավարության արտակարգ նիստ. այս մասին տեղեկացնում է երկրի Տնտեսական բարեփոխումների և տարածքային կառավարման նախարար Հարշա դե Սիլվան:
«Խուճապի մի մատնվեք: Սարսափելի կադրեր են. ես տեսա այստեղ այնտեղ նետված մարմիններ:
Ամեն դեպքում, մի հավատացեք լրատվամիջոցների գրած ամեն բառին, ստուգեք տեղեկությունները պաշտոնական աղբյուրների միջոցով»,- նշել է դե Սիլվան Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ձեռնարկված են բոլոր միջոցները անվտանգության ապահովման համար, և ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին: