Արտառոց դեպք Երևանում. հայր ու որդի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Վեճը թեժացել է, ուղեկցվել քաշքշոցով ու հայհոյանքներով և հանգուցալուծվել դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ժամեր առաջ դանակահարված վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդ:

Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հայր և որդի են և ապրում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում:

Միջադեպ Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջում. ուսանողը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

63-ամյա հոր վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին է՝ սրտի մոտ: 40-ամյա որդու վնասվածքները նույնպես կրծքավանդակի ձախ կեսին են:

Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը: Հայր և որդի վիրահատվել են ու գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Պարզվել է միջադեպի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալների համապատասխան հայր և որդի Ծարավ Աղբյուրի փողոցում՝ իրենց տան մոտ, մեքենան վերանորոգելիս են եղել, երբ մեկ այլ մեքենայով փողոցով անցել է Քանաքեռում ապրող Թուրք Էմրե մականունով «հայտնի» 22-ամյա մի երիտասարդ։

Նրա և հիվանդանոց տեղափոխված անձանց միջև վեճ է սկսվել, ըստ որոշ տեղեկությունների՝ ճանապարհ  զիջելու հետ կապված։ Վեճը թեժացել է, ուղեկցվել քաշքշոցով ու  հայհոյանքներով և հանգուցալուծվել դանակահարությամբ։

Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։