ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մի քանի օր առաջ սարսափելի դեպք է գրանցվել. երիտասարդ տղան սպանել է եղբորը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 12-ին ժամը 20:00-ին Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի ղեկավար Վ. Գ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն ժամը 11:00-ի սահմանում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ժամը 21:15-ի սահմանում Նոր Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող անտառահատվածում հայտնաբերել են Վ. Գ-ի դին` քարերով և տերևներով ծածկված:
Դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել է ծակած կտրած վերքեր։
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Վ.Գ-ին ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում սպանել է հարազատ եղբայրը՝ 2001թ.ծնված Ս.Գ-ն, խոհանոցային դանակով պարանոցի շրջանում հարվածներ հասցնելով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն։