ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբիայի արեւելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների եւ արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915–ին, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս մասին հայտնում է al-ain.com կայքը։
Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում, որի համաձայն` Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24–ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։