Հայ–ռուսական դաշնակցությանը նոր ճարտարապետություն է պետք. Միքայել Մինասյան

Վատիկանում և Պորտուգալիայում Հայաստանի նախկին դեսպանը կարծում է, որ Երևանի ու Մոսկվայի համար կարող են օրինակ ծառայել ԱՄՆ–ի և Իսրայելի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայ–ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ «Նեզավիսիմայա գազետա» թերթում տպագրված իր հոդվածում այս կարծիքն է հայտնել Վատիկանում և Պորտուգալիայում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

«Այդ հարաբերությունները բացարձակ նոր ճարտարապետության կարիք ունեն, որի հիմքում դրված կլինեն Հայաստանի իրական առաջնահերթությունների և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության ճիշտ և հավասարակշռված համադրությունը։ Եվ դա հնարավոր է», – գրել է Մինասյանը։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը, ըստ նրա, պետք է կայանա երկու երկրների արտաքին քաղաքականությունների առավելագույնս արդյունավետ համադրության մեջ։

«Ռուսաստանի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենալով` Հայաստանը հավասարակշռություն է պահպանում ուժային այլ կենտրոնների հետ համագործակցության հաշվին։ Ռուսաստանն իր հերթին նույնպես տարածաշրջանային քաղաքականության համատեքստում հավասարակշռում է հարաբերությունները Հայաստանի հետ` Ադրբեջանի հետ համագործակցությունը զարգացնելով։ Արդյունքում անտրամաբանական պատկեր է ստացվում, երբ չեն շահում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը», – նշել է Մինասյանը։

Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը

Ըստ նրա` ոչինչ չի կարող տարածաշրջանում Ռուսաստանի լեգիտիմ կենսական շահերի համար այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ պաշտպանություն ապահովել, որքան ամբողջովին հուսալի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։

Ճիշտ նույնկերպ ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական` զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող, կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

«Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է ապացուցի, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը մարտահրավեր չէ Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը` այսօրվա դրությամբ միակ իրատեսական ճանապարհը», – նշել է Մինասյանը։

Միքայել Մինասյանը դեսպան է եղել 2013-2018 թվականներին։ Ավելի վաղ 2008-2013 թվականներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի (աներոջ) աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր։