Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը` Սանասարյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթացել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալված քննարկումներին ու գրառում արել Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ծանոթացել է այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ և եզրակացություն է արել։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը»,– գրել է նա։

Ըստ Փաշինյանի` նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։

«Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։ Եվ ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից»,– գրել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է` եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։

«Սա ասում եմ՝ առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,– եզրափակել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։