Ցավում եմ, որ Փաշինյանը կարող է բավարարվել շինծու ապացույցով. Սանասարյանի պաշտպանի ակնարկը

Դավիթ Սանասարյանի պաշտպանն անվստահություն է հայտնում ՊՎԾ պետի գործով զբաղվող մարմնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

«Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը` օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ, չդիմանալով ճնշումներին, ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին»,– գրել է Պետրոսյանը։

Ըստ նրա` թող որևէ մեկը չկասկածի, որ Սանասարյանը սայթաքել է։

«Նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է, այդպես էլ ազնիվ մնացել է»,– գրում է Պետրոսյանը։

Դավիթն իմ ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը` Սանասարյանի մասին

Պաշտպանը ցավում է, որ նոր Հայաստանում վարչապետին կարող է բավարարել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով` մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի և շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։

«Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը, կարծում եմ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»,– գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր անդրադարձել Դավիթ Սանասարյանի թեմային` նշելով, որ Դավիթն իր ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։