Արմեն Բադալյանը կարծում է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք ներկայացնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է դրա մասին տեղյակ լիներ։
«Մեղադրանքը պաշտոնապես հրապարակելուց առաջ վարչապետը պետք է դրա մասին տեղյակ լիներ։ Վարչապետը գիտի և կողքից դիտողի կարգավիճակ է վերցրել, ինչն այս պահին ճիշտ որոշում է»,- ասում է Բադալյանը։
Նա նշում է, որ Փաշինյանը, բնականաբար, գիտեր մեղադրանք առաջադրելու մասին, որովհետև ՊՎԾ ղեկավարն ինքն էր մեկ օր առաջ ասել, որ հարցը քննարկել է վարչապետի հետ։
Քաղաքագետը բացառում է այս գործընթացի շոու լինելը։
«Այնպես չէ, որ կարող ենք ասել՝ սա քաղաքական շոու է, կամ քաղաքական թիմերի միջև անիմաստ պայքար է իշխանության համար։ Ոչ»,-ասում է Բադալյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ հաշվի առնելով Սանասարյանի անձը և այն հանգամանքը, որ մամուլում նրան համարում են իշխանական վերնախավի և սորոսական թևի ներկայացուցիչ՝ բնական է, որ ԱԱԾ-ն շատ մանրակրկիտ և շատ զգուշորեն է մոտեցել հարցին և համոզված է իր փաստարկներում։ Եթե մեղադրանքն առաջադրվել է, ուրեմն հիմքեր կան։