Հարության տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահն ուղերձ է հղել Սուրբ Զատիկ նշող բոլոր քրիստոնյաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Զատկի հեթանոսական ծեսը. ինչպե՞ս էին հին հայերը տոնում Զատիկը

«Ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին ՀՀ–ում գտնվող հյուրերին: Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր` քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ»,–ասում է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով` իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ:

Ըստ Սարգսյանի`այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով:

«Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,–ասել է նախագահը:

Նշենք, որ Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 21–ին։ Զատիկ, ի դեպ, նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից: