«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Հայաստանի նախագահի կինը` Նունե Սարգսյանը, թոռնուհու` Սավաննայի հետ ներկայացրեց գետաձիու և մկնիկի արկածների մասին հեքիաթների ժողովածուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վարդագույն զգեստով, խարտյաշ մազերով աղջնակը կարդում է «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին հեքիաթը» մանուկներով և գույնզգույն փուչիկներով լի գեղեցիկ դահլիճում։ Նա վարժ կարդում է և երբեմն հայացք գցում կողքը նստած նրբաճաշակ տիկնոջ` գրքի համահեղինակի և իր տատիկի վրա։ Աղջնակը Հայաստանի նախագահի թոռնուհին է` Սավաննան։ Նրա ելույթից առաջ տատիկը հեքիաթից հատված կարդաց հայերենով։ Նրանք ներկայացնում են հեքիաթների ժողովածուն, որի վրա աշխատել են երեք տարի։ Ավելին, Սավաննան է նկարազարդել գիրքը։

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

«Կարծում եմ` ուրախ է ստացվել։ Ինձ դուր է եկել։ Տատիկին նույնպես», – ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Փոքրիկ հանդիսատեսների շարքում դահլիճում նստած էր Սավաննայի փոքր եղբայրը` Արմենը։ Կապտավուն տաբատով և սպիտակ վերնաշապիկով տղան մանկական մուլտֆիլմի հերոսի է հիշեցնում։ Շրթունքները սեղմած` նա ուշադիր հետևում է քույրիկի յուրաքանչյուր ժեստին և երբեմն նայում լայն ժպտացող մորը։

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Արմենն ուզում էր վազել քրոջ մոտ և գրկել նրան, բայց շնորհանդեսը սկսվելուց առաջ հայրիկը մատը դրեց շրթունքներին և հայերեն շշնջաց. «Խելոք կմնաս, լա՞վ»։ Տղան խոստացավ և դիմանում էր։ Թեև շնորհանդեսի ավարտին տատիկն ինքը կանչեց նրան և ներկայացրեց բոլոր ներկաներին։

«Գիրքը գեղեցիկ է ու հետաքրքիր։ Ինձ փուչիկներն էլ են դուր գալիս, դրանք գունավոր են և շատ ուրախ», – ասաց տղան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մատով ցույց տալով դրանք։

Պաշտոնական մասն ավարտված է։ Թոռնիկի ձեռքը բռնած` Նունե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընտանիքի անդամներին աջակցության, դրանից հետո սկսեց շփվել ներկաների հետ և լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ։

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Եվս մի անակնկալ. բոլորը գիրքը նվեր կստանան։ Դա հատկապես ուրախացնում է ներկա փոքրիկներին, քանի որ նրանց ոմանք անհամբեր սպասում են, երբ մայրիկները նրանց կկարդան հեքիաթը։ Դահլիճ են հրավիրում ծաղրածուին, նախագահի թոռնիկները մյուս երեխաների հետ սկսում են ուրախանալ։ Լրագրողները և Նունե Սարգսյանը թողնում են նրանց և անցնում մյուս սենյակ։

«Սա շատ ուրախալի օր է ինձ և Սավաննայի համար։ Հեքիաթներ հորինելը սկսվել է որպես զվարճանք, բայց վերածվել մեծ նախագծի, որը մենք իրագործել ենք», – լրագրողներին հպարտությամբ ասում է Նունե Սարգսյանը։

Նա շատ ուրախ է թոռնուհու համար, քանի որ աղջիկը տեսել է, թե ինչպես են ստեղծվում գրքերը, և նրա ընկալման մեջ շատ բան է փոխվել։ Նախագահի կինը կցանկանար, որպեսզի մյուս ծնողները, տատիկները և պապիկները խրախուսեն երեխաների նման ձգտումները և օգնեն նրանց։

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Տիկին Սարգսյանը նաև հաղորդեց, որ 10 օրից գիրքը լույս կտեսնի նաև հայերենով և կբաժանվի բարեգործական նպատակներով։ Այդ հրատարակությունը կուղարկվի դպրոցներ, մանկատներ և այլ հաստատություններ։ Ավելին, վաճառքից ստացված ամբողջ հասույթ կտրամադրվի բարեգործության։

«Գրքերը կտարածվեն մարզերում, գյուղերում, սփյուռքում։ Սավաննան ու ես մեր սերն ենք արտահայտում հայ երեխաների նկատմամբ», – նշում է նա։

Նունե Սարգսյանը չի բացառում, որ այդ հեքիաթի հիման վրա ներկայացում կբեմադրվի խամաճիկների թատրոնում, քանի որ դա շատ ակտիվ ու դինամիկ պատմություն է։ Ավելի վաղ նման հաջող փորձ է եղել «Քաչալ ոզնի» պատմության հետ, շուտով ևս մի պրեմիերա կլինի «Թզուկ–Մզուկ» հեքիաթի հիման վրա։ Նախագահի կինը մտադիր է բեմադրել մեկ կամ երկու բալետային ներկայացում, քանի որ զգացել է դրանց պակասը։