Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին

Նիկոլ Փաշինյանն այդ քայլին չի գնում, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վարչապետը չի պատրաստվում և մտադրություն չունի պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին։

Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Դավիթ Սանասարյանը դիմել է Վարչական դատարան

Կարապետյանի խոսքով` Փաշինյանն այդ քայլին չի գնում, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,–ասաց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։