Տրանսգենդերներին «կմորթեն», իսկ եղնիկին կփրկեն. տարօրինակ պոպուրի նոր Հայաստանի կյանքից

Մինչ Ֆրանսիայում դելֆիններն ափ էին նետվում, Թուրքիայի Խոփա (Համշեն) քաղաքում բռնում էին մարմնավաճառներին, Ադիգեայի մարզիկ Վիտալին Դիդենկոն առանց կանգ առնելու վազում էր 480 կիլոմետր, Նիկոլ Փաշինյանն էլ բոցաշունչ ելույթ էր ունենում Ստրասբուրգում, Իջևանում փրկում էին եղնիկի ձագին։
Sputnik

Կարևոր չէ, թե ում էին փրկում, կարևոր է` որտեղ։ Հայաստանո՛ւմ։ Անվերջ գզվռտոցներից և խառնակչություններից ուժասպառ եղած, տարաձայնություններից պառակտված երկրում, որտեղ մարդիկ գոռում են կառավարության շենքի պատուհանների տակ, փակում երկաթգիծն ու փողոցները, քիչ է մնում` հասնեն լեռնային արահետներին։

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին

Եվ հանկարծ մի ակնթարթ թվաց, որ կրքերը հանդարտվում են, գժտություններից ուժասպառ եղածները շունչ են քաշում, մտածում են (թեկուզ դրան դժվար է հավատել, բայց ինչ ասես կարող է պատահել) բարու ուղղությամբ քայլ անելու մասին։ Այո, ընդունված է կարծել, որ բարին բռունցքներ ունի և հաղթում է չարին, բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ բարին արդեն հազվադեպ երևույթ է դարձել, մնացել են բռունցքները։

... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, «թավշյա հեղափոխությունը» Եվրոպային ներկայացրեց որպես նոր երևույթ և միաժամանակ բողոքեց, որ Հայաստանը ժողովրդավարությունն ուժեղացնելու, տնտեսական և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի։

«Մեզ մոտ չկա իսկապես անկախ դատական համակարգ», – վշտացած ասել է վարչապետը։

Միաժամանակ, Հայաստանում ոչ միայն նոր դատավոր չկա, այլև չկան նոր մարդիկ։ Բայց դա նույնիսկ լավ է։ Որովհետև մեկ տարում նոր մարդիկ չես գտնի, իսկ եթե գտնես էլ, նրանք վաղահաս կլինեն ու արագ կթթվեն։ Ահա այստեղով էլ անցնում է հուսադրող հնի և դժվարանցանելի նորի ջրբաժանը։

Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

...Մինչ Իջևանում ջրից հանում էին եղնիկին, Երևանում տրանսգենդեների որսորդ հայտնվեց. նա պայուսակից հանեց դանակն ու ցուցադրելով այն՝ հայտարարեց, որ դրանով պատրաստ է «ուտիլիզացնել սեռական փոքրամասնություններին։ Նրա պատրաստակամությունը վկայում է, որ տղամարդը կա՛մ խրոնիկ հիմար է, կա՛մ պրոֆեսիոնալ սադրիչ։

Չալարեցի ու հարցուփորձ արեցի ծանոթներիս` ի՞նչ հատկանշական բան են տեսել վերջին օրերին։ Եղնիկի սյուժեն զգալիորեն առաջ անցավ տրանսգենդերների որսորդի տեսարանից։ Նշանակում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ։

Ասում են, որ եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ տուր։ Նա քեզ վատություն թող անի, դու նրան էլի կոնֆետ տուր։ Եվ այդպես այնքան, մինչև այդ արարածի մոտ շաքարային դիաբետ սկսվի։ Սրամիտ է, բայց քիչ արդյունավետ։ Այժմ բռերով են բաժանում կոնֆետները (խոստումների տեսքով), բայց դրանից չարիքը չի պակասում։ Մտածելու բան կա։

Հեռուստաէկրանների հերոսներն այժմ չեն վարում, չեն ցանում, նրանք հպարտանում են հասարակական կարգով։ Հնարավոր է, որ հաջողվի մի քանի պտուղ պոկել ներքևի ճյուղերից, իսկ հետո՞։

«Արարատցեմենտի» աշխատակիցները դուրս են գալիս փողոց, Նազարբաևը նամակ է գրում Հայաստանին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղյակ պահում Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, Փաշինյանը վշտանում է Հայաստանի նկատմամբ ամերիկյան անտարբերությունից և խոստանում խորոված ուտել, եթե Քաղաքացու օրը մանղալները հանեն փողոց։ Տարօրինակ պոպուրի նոր Հայաստանի կյանքից։

Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Այս ամենի վերաբերյալ բացատրություններ շատ կան, որոնք բոլորն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։ Ինչպես թիթեռնիկը, որը թևերը թափահարում է Բրազիլիայում` փոթորիկ առաջացնելով Տեխասում։ Բնության մեջ, ինչպես նաև քաղաքականությունում, ոչ մի բան անհետ չի անցնում, և ամեն մի մանրուք, գումարվելով մյուսին, արդյունք է տալիս։ Մեր դեպքում` անվերահսկելի խառնաշփոթը սպառնում է վերածվել տորնադոյի։

Եվ ահա Իջևանում մարդիկ, վտանգելով իրենց կյանքը, փրկում են եղնիկին։ Հետևություն` ամեն ինչ կորած չէ։ Երկրորդ` բավական է նախատել և կորցնել, եկել է պահպանելու և բազմացնելու ժամանակը։ Չէ՞ որ թիթեռնիկները թևերը միայն Բրազիլիայում չեն թափահարում։