Սյունիքում ձյան շերտը կարող է հասնել 20-25սմ–ի. Գագիկ Սուրենյան

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնում է, որ մի ամբողջ օր ձյուն է տեղալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով»,– նշել է նա։

Ըստ Սուրենյանի` առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ լեռնային բոլոր մարզերում` Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի։