Սիրիայում վնասվածք ստացած հայ սակրավորին տեղափոխել են Երևան

Սիրիայում վնասվածք ստացած հայ սակրավորը Մոսկվա տեղափոխվելուց հետո կրկնակի վիրահատության է ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Սիրիայում ականային պատահարից տուժած հայ սակրավորն արդեն Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ –ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Մոսկվա տեղափոխվելուց հետո հայ սակրավորը կրկնակի վիրահատության է ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։

Հայ սակրավորն ու Սիրիայի երեխաները. համացանցում հուզիչ լուսանկար է հրապարակվել

«Հիմա նա գտնվում է իր տանը։ Առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի»,–ասաց Էլբակյանը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ էր դարձել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել էր։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։