Սա Փաշինյանի ֆիասկոն է. Շարմազանովը` Սանասարյանի գործի մասին

ԱԺ նախկին փոխխոսնակը կարծում է, որ դեպքերի զարգացման երկու սցենարներից ցանկացածն էլ պարտություն է վարչապետի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված դեպքը ֆիասկո է վարչապետի համար։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Տհաճ միջադեպ է։ Տեղի ունեցողը խոսում է Փաշինյանի իշխանության և անձամբ Փաշինյանի ֆիասկոյի մասին։ Երկու սցենարի դեպքում էլ Փաշինյանը պարտված է», – ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` եթե շինծու գործ է, ինչպես հայտարարեց Սանասարյանը, նշանակում է, որ Հայաստանում արդարադատություն չկա, այսինքն` Փաշինյանի օրոք հնարավոր են շինծու գործերը։ Ուրեմն դա վերաբերում է նաև Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործերին։

Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ հեղափոխական կոմիտեի ղեկավարի դերից. Շարմազանով

Շարմազանովի խոսքով` եթե մեղադրանքները հիմնավոր են, ապա Փաշինյանի խոսքերն այն մասին, որ երկրում կոռուպցիա չկա` ֆարս է և բլեֆ է։

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնավարությունը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։