ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի գրասենյակից` միաժամանակ նշելով, որ Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել իրենց ներկայացրած բողոքներին։
«Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը»:
Պաշտպանական թիմը համամիտ չէ նաև Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որով ուժի մեջ է մնացել առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը` հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը։
Պաշտպանական խումբը համարում է, որ դատարանն այս մասով պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր մարտի 15-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` մերժելով պաշտպանական խմբի ներկայացրած գրավի միջնորդությունը:
Ի դեպ, առաջին ատյանի դատարանն արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։