Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ հեղափոխական կոմիտեի ղեկավարի դերից. Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության լիարժեք ղեկավար չդարձավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Նախարարների գործող կաբինետը ֆեյք կառավարություն է։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա` անցած տարվա ապրիլին շանտաժի և սպառնալիքների օգնությամբ հեղաշրջում տեղի ունեցավ, արդեն մոտ մեկ տարի է` նոր կառավարություն է գործում, բայց Փաշինյանն այդպես էլ իսկական վարչապետ չդարձավ։

«Մենք ոչ թե կառավարության ղեկավար ունենք, այլ Հեղափոխական կոմիտե` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», – ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` կառավարության իսկական ղեկավարը կփորձեր օգտագործել նախկին իշխանությունների դրական տարրերն ու ձեռքբերումները, սակայն նոր ղեկավարությունը գնաց ձեռք բերածը ոչնչացնելու ճանապարհով։

Նա հիշեցրեց, որ վարչապետը հայտարարում էր «կախարդական փայտիկի» մասին, խոստանում էր թռիչքային տնտեսության զարգացում, հետո տնտեսական հեղափոխություն։ Սակայն տնտեսությունը, ըստ Շարմազանովի, էվոլյուցիոն զարգացում է ենթադրում։

Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ինչո՞ւ գազը թանկացավ. Շարմազանով

Ըստ ՀՀԿ խոսնակի` թռիչքային զարգացումն անհնար է կառավարության նախատեսած 4,9%–անոց տնտեսական աճի դեպքում։

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի` օտարերկրյա գործակալների մասին հայտարարությունը։ Նրա խոսքով` արդեն մեկ ամիս է անցել, բայց ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել։ Քննչական մարմինները Փաշինյանին հարցաքննության չեն կանչել` պարզելու համար` ում մասին է խոսքը։ Փաշինյանը ևս անուններ չի հրապարակել։

Շարմազանովն ուշադրություն հրավիրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի` առաջնագծում տիրող իրավիճակի մասին անզգույշ հայտարարություններից մեկի վրա։

Նրա կարծիքով` նման պայմաններում «անվտանգության ամրապնդման մասին խոսք լինել չի կարող»։

Շարմազանովը քննադատեց նաև Քաղաքացու օրվա համար 124 մլն դրամի հատկացումը։ Նա հիշեցրեց, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, նման քայլերի համար բազմաթիվ անգամ քննադատել է իշխանությանը։