ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները պետք է իրենց լավ զգան, որովհետև այսօր ՀՀ կառավարությունում հաշմանդամություն ունեցող երկու նախարար կա։ Նման հայտարարություն Facebook-յան ուղիղ եթերում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե երբ են Հայաստանում հաշմանդամները արժանապատիվ ապրելու։
«Սա նաև ցույց է տալիս մեր ընկալումը, մեր վերաբերմունքը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Զարուհի Բաթոյանը, ով տարիներ շարունակ կռիվ է տվել հաշմանդամների իրավունքների համար, այսօր ռեալ հնարավորություն ունի այդ խնդիրը լուծելու։
«Հաշմանդամը չունի կարեկցանքի կարիք։ Դա սխալ մոտեցում է։ Հաշմանդամը կարիք ունի, որ մենք նրանց վերաբերվենք որպես լիարժեք քաղաքացու»,– ասաց Փաշինյանը։Վարչապետը կարևորեց, որ Հայաստանում բնակվող հաշմանդամներն իրենց ունակությունները, տաղանդը իրագործելու հնարավորություն ունենան, այնպես, ինչպես աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը։