Մանվել Գրիգորյանին դիտավորյալ խոշտանգել են. հայտարարել է փաստաբանը

Փաստաբանի պնդմամբ, 10 ամսվա կալանքի հետևանքով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Փաստաբանը մատնանշում է կոնվենցիոն իրավունքներ խախտող դատավորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Ապրիլ — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր պաշտպանյալին դիտավորյալ խոշտանգել են։

«ՄԻԵԴ–ը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիմումը». պաշտպանն այլ բան է պնդում

«Արդարադատություն իրականացնող անձը` նախագահող դատավորը միտումնավոր հետամուտ է եղել, որպեսզի Մանվել Գրիգորյանը խոշտանգվի կալանքի մեջ։ Այսինքն` իմ կարծիքով ես տեսնում եմ, եթե ոչ անմիջապես կազմակերպչին, ապա կոնվենցիոն իրավունքները խախտող դատավորին»,– ասաց Արսեն Մկրտչյանը։

Փաստաբանն իր մեղադրանքը հիմնավորում է նրանով, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, որը 2018 թ. հունիսի 19-ին քննել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացրել, հետագայում քննել է նաև խափանման միջոցն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու իրենց ներկայացրած միջնորդությունները։

Շարմազանով. «Սանասարյանի հետ տեղի ունեցածը խոսում է Փաշինյանի իշխանության ֆիասկոյի մասին»

Արսեն Մկրտչյանը հիշեցրեց նաև, որ 10 ամիս առաջ, երբ դատարանն առաջին անգամ էր քննարկում Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը, դատարան էին ներկայացված բժշկական փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ Գրիգորյանն ունի շաքարային դիաբետ, քաղցկեղ, մի թոքը հեռացված է։

Հետագայում 10 ամսվա կալանքի հետևանքով, փաստաբանի խոսքով, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և անհրաժեշտություն է առաջացել նրա բուժումն արտերկրում կազմակերպելու։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր քննվում էր Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը` կալանքը 10 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ։

Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը` ապրիլի 22-ին, ժամը 12։30-ին։