ԿԳ նախարարը հանձնարարել է ուժեղացնել բժշկական բուհերի հսկողությունը. «Ժողովուրդ»

Թերթը գրում է` մասնավոր կփակվեն, եթե չհամապատասխանեն ստանդարտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Եվ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը»,– նշում է թերթը:

Ըստ պարբերականի` միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է: Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա¬կան բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:

Թերթը գրում է, որ ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում, մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել են 150 անձ, սակայն ընդունվել են 40-ը, 2018 թ. դիմել են 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել են 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 հոգի: