Դավիթ Սանասարյանը դիմել է Վարչական դատարան

Սանասարյանը պահանջում է առ ոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` իր դեմ կայացրած որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան` վիճարկելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։ Այս մասին նշված է դտական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան

Սանասարյանը դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` մարտի 18-ի որոշումը, որով ամրագրվել էր Սանասարյանի թույլ տված էթիկայի կանոնի խախտման փաստը։

Հիշեցնենք` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում էր կայացրել, որով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին Դավիթ Սանասարյանի հրապարակային հայտարարությունները որակել էր պաշտոնատար անձին անհարիր։

Իսկ Սանասարյանի` համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների մասին հայտարարություններն ու հրապարակային գրառումը, հանձնաժողովի համոզմամբ, կարող էին ընկալվել ու մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունք և ուժի ցուցադրում։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի դեմ դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ համաձայն չէ որոշման հետ և այն վիճարկելու է դատական կարգով։