Ապրիլի 20-21-ը վերջին շաբաթվա ամենացուրտ օրերը կլինեն. ցրտահարություն կլինի՞

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը պարզել է Հայաստանում ցրտահարություն լինելու է, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Վաղը նոր ցիկլոն է գալու Հայաստան, բայց ցրտահարության վտանգ չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Ապրիլի 20-21-ը վերջին շաբաթվա ամենացուրտ օրերը կլինեն: Վաղը օդի ջերմաստիճանը կրկին կնվազի՝ 5-7 աստիճանով։ Սակայն ըստ մեր կանխատեսումների՝ ցրտահարություն Արարատյան դաշտում և ցածրադիր գոտիներում չի լինելու»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ երբ տեսել է, որ ջերմաստիճանը կրկին նվազելու է, զանգահարել է համապատասխան մասնագետներին ու հարցրել` ցրտահարություն չի սպասվո՞ւմ:

Սյունիքում ձյան շերտը կարող է հասնել 20-25սմ–ի. Գագիկ Սուրենյան

Նախարարին տեղեկացրել են, որ օդի ջերմաստիճանը նվազելու է ոչ թե գիշերվա, այլ ցերեկվա ընթացքում, ինչի հետևանքով էլ ցրտահարություն չի լինի։

«Օդի ջերմաստիճանը գիշերը նվազելու է շատ քիչ՝ 3-4 աստիճանով՝ նախորդ գիշերվա համեմատ և զրոյից ցածր ջերմաստիճան չի գրանցվելու: Բացի այդ, ամպերի առկայության դեպքում ցուրտը սաստիկ չի լինում: Ցրտահարություն 99 տոկոսով չի լինելու»,-ասաց Ցոլակյանը:

Նա հայտնեց նաև, որ վաղը և մյուս օրը հնարավոր է նաև` կարկուտ տեղա:

Նշենք, որ վերջին օրերին եղանակը կտրուկ նվազել է՝ 7-10 աստիճանով: