ԱԻՆ-ը ծանրաբեռնված է աշխատում. 6 ամսում` 1 միլիոն հեռախոսազանգ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հասել է մի մակարդակի, որ կարող է օգնության ձեռք մեկնել հարևաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Վերջին վեց ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ թիվը վկայում է, որ ԱԻՆ-ը ծանրաբեռնված է աշխատել:

ԱԻՆ-ը ծանրաբեռնված է աշխատում. 6 ամսում` 1 միլիոն հեռախոսազանգ

«Սակայն արտակարգ իրավիճակներին վերաբերող զանգերը եղել են 18-20 000-ի չափով, մնացած զանգերը եղել են հարցումների տեսքով՝ եղանակի, ճանապարհների հետ կապված: Ի դեպ, վեց ամիսների ընթացքում 2300 հրդեհի դեպք է արձանագրվել, ինչպես նաև քարաթափման 29 դեպք»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ նախարարությունը հասել է մի մակարդակի, որ արդեն իսկ կարող է օգնության ձեռք մեկնել մեր հարևաններին:

Նախարարը հիշեցրեց, որ վերջերս էր ԱԻՆ-ի փրկարարների խումբը գնացել Իրան՝ ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը նաև գույքային օգնություն էր տրամադրել Իրանում ջրհեղեղից տուժածներին: