Սանասարյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»

Եթե ՊՎԾ աշխատակիցների դեմ իրականացվող քրեական գործը լուրջ շրջադարձ ընդունի, իշխանությունն այդ կառույցի համար ստիպված կլինի նոր ղեկավար գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում հիմա Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում։

ՀՀ գլխավոր դատախազը չի հերքում` Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել

Ըստ թերթի, դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը:

«Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչև պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ»,– գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանն ասել է, որ նման առաջարկ չի ստացել։

«Ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է»,– հայտնում է «Ժողովուրդը»:

Իսկ Դավիթ Սանասարյանը, թերթի դիտարկմամբ, այսօր պաշտպանության կարիք ունի: