ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում պետական որ գերատեսչությունից քանի աշխատակից է կրճատվելու։
«Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետեւ բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները»,– գրում է թերթը։
Նշենք, որ օրենքի նախագիծը երեկ քննարկվել էր ԱԺ–ում, ու բավական բուռն քննարկումների առիթ դարձել։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետևանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու:
Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու: