Փոշմանել են. 124 մլն դրամ հատկացվեց` քաղաքացու օրը պատշաճ կերպով նշելու համար

Նիկոլ Փաշինյանն ընդամենը 10 օր առաջ հայտարարել էր, որ քաղաքացին թող որոշի` ինչպես նշի այդ օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 124 մլն դրամ հատկացնել` «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով։

«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»

Նշենք, որ հարցը չզեկուցվող էր, ուստի այն քննարկման էլ չդրվեց։ Որոշման նախագծում նշված է, որ գումարը պետք է տրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 10 օր առաջ հայտարարել էր, որ քաղաքացին թող որոշի` ինչպես նշի այդ օրը։

Հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը նշելու այդ օրը` վերջինս պատասխանել էր, որ չգիտի։ «Եթե մանղալով խորոված անող լինի, կարող ա ես էլ միանամ»,–ասել էր նա։

Թե ինչու են փոշմանել ու որոշել օրը «պատշաճ» կերպով (այսպես է նշված նախագծի մեջ) նշել և ինչ է նախատեսված այդ օրը` դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ԱԺ–ն կողմ քվեարկեց ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու և, ըստ այդմ էլ, «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին։