Միհրան Պողոսյանի տնից առգրավում է կատարվել.ԱԱԾ–ն և ՀՔԾ –ն միասին են խուզարկում իրականացրել

ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Միհրան Պողոսյանի առանձնատանը խուզարկություններն իրականացվում են ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն) կողմից քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առանձնատուն:

Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրն ու հասցեն

«ԱԱԾ աշխատակիցներն ապահովում են միայն խուզարկության կատարման բնականոն ընթացքը»,–ասաց Գալստյանը։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանն էլ նշեց, որ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հատուկ քննչական ծառայության քննիչների և ԱԱԾ աշխատակիցների կողմից խուզարկություններ և առգրավումներ են իրականացվել։

Իսկ թե ինչ է առգրավվել` ՀՔԾ–ն դեռ հայտնել չի կարող։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ապրիլի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: