«Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց պաշտոնանկ անել Ջանջուղազյանին

Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ էր մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անել։

Ազգային ժողովում քննարկվեց Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։

10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին

Ջանջուղազյանի պաշտոնանկությանը կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ էր մեկը։

Նախքան քվեարկությունը կսկսվեր` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ավելացեց, որ իրենք կողմ են քվեարկելու առաջարկին: ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ ակտիվ մասնակցել է հարցուպատասխանին, և քննարկումը ցույց տվեց, որ մենք պարզ հարցերի պատասխանները չստացանք»,- ասաց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Ջանջուղազյանին աշխատանքից ազատելու առաջարկն ապրիլի 17-ին ԱԺ–ի նիստում հնչեցրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ավելի վաղ պետական ծառայողների թվաքանակի առաջիկա կրճատման հարցի քննարկումների ընթացքում Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետը պետք է պաշտոնից ազատի Ջանջուղազյանին։ Պատգամավորը նշեց, որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել, թե որ գերատեսչություններում և ինչ քանակի աշխատակիցներ են մտադիր կրճատել, և որքան գումար արդյունքում կտնտեսվի։