Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծն անցավ 1–ին փորձությունը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքով` այս օպտիմալացման շնորհիվ հնարավոր է ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Նախագծին կողմ քվեարկեցին 71 պատգամավոր, դեմ` 40–ը։

Քանի մարդ կկրճատվի կառավարության օպտիմալացումից հետո. հաշվարկել է «Ժողովուրդը»

«Օպտիմալացման շնորհիվ մենք ավելի քիչ ռեսուրսներով պիտի հասնենք ավելի շատ արդյունքի»,- ասեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կառավարության կազմում ընդգրկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները։

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կկազմակերպի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման աշխատանքները։