Հիվանդանոց տեղափոխված պայմանագրային զինծառայողը մահացավ

Նախնական տեղեկություններով` զորամասի զինանոցում, զինծառայողն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված պայմանագրային զինծառայողը մահացավ։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, զինծառայողի կենսաբանական մահը գրանցվել է ժամը 11:35-ի սահմաններում։

ՊՆ զորամասում լեյտենանտին սպանել է զինծառայողը. նա կրակահերթ է արձակել գնդացրից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ)
չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: