ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Գազի գնի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները ձևակերպվել և ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկրի ղեկավարությունը և «Գազպրոմ Արմենիան» որոշում կայացնելու համար հատկացված երկու ամսվա ընթացքում չեն պայմանավորվել գազի գնի շուրջ։
Հարցին, թե կա՞ն արդյոք նոր նախնական ժամկետներ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, քանի որ հատկացված երկու ամիսը վաղուց անցել է, Բաղրամյանը նշեց, որ առայժմ կոնկրետ ոչինչ չկա։
«Նախատեսվում էր քննարկումներն ավարտել երկու ամսում։ Հիմա որոշակի առաջարկներ կան։ «Գազպրոմ Արմենիան» պետք է դրանք քննարկի ռուսական «Գազպրոմի» հետ։ Քննարկումները շարունակվում են, դրանց ավարտի կոնկրետ ժամկետներ չկան», – ասաց Բաղրամյանը։
Բացի այդ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ապրիլի 4–ին Մոսկվայում միջկառավարական հանձնաժողովի նիստում հայկական կողմը գազի գնի հնգամյա պլանավորման առաջարկ է ներկայացրել։
Մինչև հուլիսի 1–ը կներկայացվի համաձայնագրի նախագիծը, որում կներկայացվեն սահմանին գների ձևավորման մեխանիզմները։
«Դա որոշակի հստակություն և կայունություն կմտցնի։ Այդ համաձայնագիրն առնվազն հնգամյա կլինի», – ասաց Բաղրամյանը։
Նրա խոսքով` բացառված չէ, որ երկու երկրների ղեկավարները կարող են պայմանավորվել ավելի ցածր գնի մասին, քան ենթադրվել է համաձայնագրով։
Բաղրամյանը նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում գալիք կրճատումների հետ կապված իրավիճակին` ասելով, որ սկսվել է որոշակի օպտիմալացում, հնարավոր է` որոշակի թվով տեսուչներ կրճատվեն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ սպառողների համար գազի ներկա գինը պահպանելու անհրաժեշտության պատճառով «Գազպրոմ Արմենիայի» տեսուչներից շատերն աշխատանքից ազատվելու ծանուցում կստանան։