Հայաստանի ՔԿՀ–ներում կան արտոնյալ դատապարտյալներ ու կալանավորներ. Փաշինյան

Փաշինյանը կարևորեց նաև կալանավայրերում ու ազատազրկման այլ վայրերում պայմանների բարելավման հարցը, մասնավորապես, հանդիպումների սենյակների պայմանները, որոնք նրա համոզմամբ նվաստացուցիչ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի ՔԿՀ–ներում կան մարդիկ, ովքեր շարունակում են արտոնյալ պայմաններում ապրել։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարտադիր չէ, որ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի և ասի` որտեղ ինչ պետք է լինի»,– ասաց Փաշինյանը։

Հիվանդանոցներում հատուկ կալանավորների ու դատապարտյալների համար պայմաններ կստեղծվեն

Նա նաև հայտարարեց, որ ՔԿՀ–ներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում։

«Եվ այդ ՔԿ հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատել իր պաշտոնում»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի հայտարարությանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ նման դեպքեր իրեն հայտնի չեն։ «Որևէ մեկի խցի դուռը բաց չէ, չկան արտոնյալներ, որոնց խուցը չի ստուգվում։ Այո, հայտնաբերվում են արգելված իրեր»,– ասաց նախարարը` նշելով, որ գտել են բջջային հեռախոսները։ Վարչապետն էլ հավելեց, որ հայտնաբերելուց զատ պետք է դրանց ներս մտնելու ուղին բացահայտել ու փակել։

«Այսօր ՀՀ–ում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց ՔԿՀ–ներից, հենց այդ կապի միջոցների օգտագործմամբ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ առանց ՔԿՀ համակարգի աշխատակիցների այդ ամենը հնարավոր չէ իրականացնել։

Զեյնալյանը հայտնեց, որ հնարավոր է խնդիրը լուծվի ՔԿՀ–ներում խլացնող սարքեր դնելով ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելով։

Այդուհանդերձ, խիստ մոտեցումներից բացի Փաշինյանը կարևորեց նաև կալանավայրերում ու ազատազրկման այլ վայրերում պայմանների բարելավման հարցը, մասնավորապես, հանդիպումների սենյակների պայմանները, որոնք նրա համոզմամբ նվաստացուցիչ են։