ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Գոհար Ավետիսյանի համար աշխարհի ամենասիրելի վայրը Հայաստանն է, Երևանը։ Այդ մասին նա ասել է «Ուրբաթ Ռեգինայի» հետ շոուի ժամանակ։
«Ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ Երևանում։ Հաճախ այստեղից գրառումներ եմ անում. հայրենիք, կարոտել եմ։ Բոլորը պատասխանում են` հետ արի հայրենիք», – ասել է Ավետիսյանը և խորհուրդ տվել Ռեգինային անպայման այցելել Հայաստան` խոստանալով, որ կդառնա նրա անձնական գիդը։
Գոհարը հետաքրքիր մտահղացում է ներկայացրել։
«Մեզ մոտ կարելի է «Արծիվ և գիր» հաղորդման հատուկ թողարկումը նկարահանել», – ասել է Ավետիսյանը։
Նա խոստովանել է, որ ամենից շատ վախենում է միայնությունից, ու նաև ասել, որ շուտով մեկնելու է Մեքսիկա։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է, Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: