ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ եկավ կառավարություն, արագ անցավ լրագրողների կողքով ու շտապ բարձրացավ աստիճաններով վերև։
Լրագրողների հարցերը նա անպատասխան թողեց` չմեկնաբանելով, թե ինչի հետ է կապված իր անսպասելի այցը։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ավելի քան 1000 աշխատակցի հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել, որի արդյունքում նաև պարզվեց, որ խնդիրը կապված է Իրանից ներկրվող ցեմենտի հումքի գնի հետ։
Բանն այն է, որ կառավարությունն առաջարկում է տեղական արտադրողներին աջակցելու համար բարձրացնել իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, բայց ցեմենտի հումքի` կլինկերի մաքսատուրքը թողնում է ցածր։
Դրա հետևանքով «Արարտցեմենտը» ստիպված է եղել փակել տեղական տրավերտինի հիմքով ցեմենտի հումքի արտադրամասն ու իր արտադրությունն իրականացնել իրանական հումքով։ Քանի որ տեղական հումքի արտադրության ինքնարժեքը շատ ավելի թանկ է` Հայաստանում գազի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագների պատճառով։։