«Եվրասիա.DOC»–ը դռներն է բացել հայերի համար. ինչու է փառատոնը կարևոր Հայաստանի համար

Հայ ռեժիսորներին և արվեստի գործիչներին այս տարի կսպասեն «Եվրասիա.DOC» վավերագրական կինոյի ամենամյա փառատոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Եվրասիա.DOC» փառատոնը ներկայացուցչական հարթակ է, որը կարևոր է Հայաստանի համար, քանի որ նոր հեռանկարներ է բացում ռեժիսորների և արվեստի գործիչների համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին

«Եվրասիա.DOC» վավերագրական կինոյի ամենամյա փառատոնը չորրորդ անգամ կանցկացվի Մինսկում և Սմոլենսկում 2019թ–ի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ը։ Մրցույթի ժյուրիի նոր նախագահ է ընտրվել Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը։

«Փառատոնին մասնակցում են ոչ միայն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները, այլ նաև հետխորհրդային տարածքի, Վրաստանի, Ուկրաինայի ռեժիսորներն ու արվեստի գործիչները։ Այդ հարթակը թույլ է տալիս հայ ռեժիսորներին և արվեստաբաններին ներկայացնել իրենց ֆիլմերը, պատմել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` փառատոնում ներկայացված ֆիլմերը հետագայում ցուցադրվում են հետխորհրդային տարածքի երկրներում։ Հակոբյանը համոզված է, որ այդ հարթակը պետք է օգտագործվի Հայաստանի մշակույթն ու ֆիլմերը ներկայացնելու համար։

Սվերդլովսկի կինոգործիչները ֆիլմ են նկարում Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի կապի մասին

«Փառատոնը թույլ է տալիս Հայաստանի մասին վավերագրական փաստեր ներկայացնել։ Հաճախ հետխորհրդային երկրների հանդիսատեսն աղաղված պատկերացում ունի Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին», – ասաց Հակոբյանը։

Հարթակը թույլ է տալիս նաև կարևոր թեմաների շուրջ բանավեճեր անցկացնել։ Նա նշեց, որ փառատոնում միշտ ուրախ են տեսնել հայ ռեժիսորներին ու գործիչներին և մեծ սիրով են հրավիրում։

Հիշեցնենք, որ «Եվրասիա.DOC» ԱՊՀ երկրների վավերագրական կինոյի առաջին փառատոնը կայացել է 2016թ–ի հունիսին Սմոլենսկում և Մինսկում։ Փառատոնը ստեղծվել է` հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու համար։