Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ. Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին և խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող միայն քաղաքական լինել։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարար Զոհրաբ մնացականյանն այս մասին ասել է ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում։

«Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են»,– ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

Մնացականյանը նշել է, որ Արցախի բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ։

ՀՀ արտգործնախարարն ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպել էր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։