ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին պաշտոնը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել մի գործի շրջանակում, որով անցնում են նրա երկու ենթակաները։
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մի երկու օր առաջ հրաժարվում էր այդ թեմայով խոսել, խոստանալով առաջիկայում պատասխանել այդ հետաքրքրաշարժ հարցին։ Առաջիկան արագ եկավ։
Ընդհանրապես, իհարկե, քիչ հավանական էր, որ նման կշիռ ունեցող ծառայության ղեկավարի քթի տակ նման բաներ են արվում, որոնց մասին ղեկավարը տեղյակ չէր։ Սակայն անմեղության կանխավարկածը ամենից կարևոր է, ու նույնիսկ երբ մեղադրանք է ներկայացվել, մինչ դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի մարդուն հանցագործ անվանել։
Հիմա, երբ Սանասարյանին մեղադրանք է ներկայացվել... Ճակատագրի հեգնանքն այն չէ, որ երկրի գլխավոր (ըստ պաշտոնի) հակակոռուպցիոներին մեղադրում են մի բանի մեջ, որի դեմ նա (ըստ պաշտոնի) պարտավոր է պայքարել։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ Սանասարյանին, որը աջ ու ձախ մարդկանց «գող ու կաշառակեր» էր անվանում առանց նրանց վերաբերյալ դատարանի որոշման, բայց միաժամանակ շատ էր սիրում բոլորին սոցցանցերում, ստիպված են լինելու պաշտպանել հարձակումներից հենց նույն սոցցանցերում, ու հիշեցնել նրա նկատմամբ անմեղության կանխավարկածի մասին։ Նրա, ով հիշում է անմեղության կանխավարկածի մասին միայն այն ժամանակ, երբ անմիջապես իր ենթականերից է վառածի հոտը գալիս։
Իրավիճակը փոխվել է «նոր» Հայաստանում
Հիշո՞ւմ եք, «թավշյա» իշխանափոխությունից հետո Facebook–ում Կառավարության շենքից «լայֆ» մտնող մարդկանց, որոնք առաջին անգամ էին այնտեղ հայտնվել. նրանք ցույց էին տալիս աշխատասենյակները այլ տարածքներն ու դրանք «շքեղ» էին անվանում։
Իսկ հիմա, նույնիսկ մեկ տարի չանցած, պարզվում է, որ կառավարության շենքը շտապ վերանորոգման կարիք ունի, որը բյուջեի վրա 132 հազար դոլար է նստելու։
Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջինը` մեկ տարի առաջ Կառավարության շենքում ոչ մի շքեղություն չկար, ու շենքը վերանորոգման կարիք ուներ, պարզապես շատ էր պետք նախորդ բոլոր իշխանությունների «հակաժողովրդական ներսը» ցույց տալ։ Բացի ամենաառաջինից, բնականաբար։
Երկրորդը... Նույնիսկ այդ մասին մտածելն է ամոթ, անկեղծ ասած, բայց ինչևէ. այդ ինչ աստիճան մեկ տարվա ընթացքում պետք է փչացնեին շքեղ շենքը, որպեսզի հրատապ վերանորոգման կարիք առաջանար։
Որքա՞ն գյումրեցի ընտանիքների կարելի էր 132 հազար դոլարով նորմալ բնակարաններ տեղափոխել։
Իրավիճակը «նոր» Հայաստանում փոխվել է։
Քաղաքացու օրը մեզ սկզբում խոստացան, որ կլինի ինքնագործ. այն առումով պետբյուջեն նոր տոնի համար գումար չի ծախսի։ Այսօր որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդից տոնակատարության համար շուրջ 250 հազար դոլար տրամադրել։ Չէ՞ որ երկիրը հարուստ է, իսկ բոլոր մյուս իշխանություններին (ամենաառաջինից բացի, բնականաբար) «գահընկեց» անելու տոնը` սուրբ գործ է։
Որքա՞ն գյումրեցի ընտանիքներ կարելի է 250 հազար դոլարով նորմալ բնակարաններ տեղափոխել։
«Նոր» Հայաստանում փոխվել է իրավիճակը։
«Երկրապահ» կամավորական միությունը ղեկավար ուներ. վատ, անտանելի։ Ինքն էլ իշխող կուսակցության պատգամավոր, որդին էլ քաղաքապետ էր։
Այժմ նոր ղեկավարը` լավն է, նա իշխող կուսակցության պատգամավոր է, որդին էլ քաղաքապետ դարձավ։
Իրավիճակը փոխվել է «նոր» Հայաստանում։