Լոս Անջելեսում բացվել է Ռոբ Քարդաշյանի անվան բժշկական կենտրոն. Քիմը շատ հպարտ է. տեսանյութ

Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Քարդաշյանների ընտանիքը, այդ թվում` Քլոե Քարդաշյանը և Քրիս Ջեները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում մասնակցել է հոր` Ռոբերտ Քարդաշյանի անվան աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման կենտրոնի բացման արարողությանը, հաղորդում է Etonline.com–ը։

Հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ.–ին, 59 տարեկան հասակում, կերակրափողի քաղցկեղից։

«Անչափ հպարտան եմ, որ Լոս Անջելեսում նման կենտրոն է բացվել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մյուս ընտանիքները ևս կարողանան ավելի շատ տեղեկություններ տանալ և կենտրոնանալ առողջության ու կանխարգելման վրա», – գրել է Քիմը Twitter–ում։

Քիմի խոսքով` կենտրոնի բացումը ծրագրվել է տարվա ընթացքում։ Հանդիսավոր բացմանը մասնակցել է Քարդաշյանների ամբողջ ընտանիքը, այդ թվում` Քլոե Քարդաշյանը և Քրիս Ջեները։ Կենտրոնում կիրականացվեն գիտական հետազոտություններ, բուժանձնակազմի ուսուցում, ինչպես նաև հիվանդների խնամք։

«Հորական կողմից բոլոր ազգականներս այսօր եկել են մեզ աջակցելու», – նշել է Քիմը։

Քիմ Քարդաշյանը մշտապես հիշում է հանգուցյալ հորը` սոցիալական ցանցերում հրապարակելով արխիվային լուսանկարներ և կատարելով հուզիչ գրառումներ։