ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետ ճանաչելու հավաստագիր է հանձնել։ Այս մասին հայտնում է Anadolu–ն։
Մարտի 31-ին Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթել է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։ Նա ստացել է քվեների 48,79%–ը` առաջ անցնելով «Արդարություն և զարգացում» կուսակցության մրցակցից` նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդիրիմից, որը 48,52% քվե է ստացել։ Յըլդիրիմը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համախոհներից է։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ԿԸՀ–ին բողոք էր ներկայացրել ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ։ Ավելին, Էրդողանի կուսակցությունը որոշել էր պահանջել կրկին ընտրություններ անցկացնել։
Նշենք, որ չնայած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր Թուրքիայում անցկացված ընտրություններում, այդուհանդերձ պարտվել էր երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում։