ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «ՀՀ ԶՈւ-ն բացառիկ է, քանի որ հիմնականում հայրենական ԱԹՍ-ներ է օգտագործում»

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն արդեն 2009 թվականից մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարքերի հարցում լրիվ ինքնաապահովման է անցել։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այս թեմայի շուրջ:
Sputnik
Հովհաննիսյան. «ՀՀ ԶՈւ-ն բացառիկ է, քանի որ հիմնականում հայրենական ԱԹՍ-ներ է օգտագործում»

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն արդեն 2009 թվականից մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարքերի հարցում լրիվ ինքնաապահովման է անցել։

Վերջին տարիներին ակտիվացել է աշխատանքը նաև հարվածային ԱԹՍ–ների վրա և առաջին հերթին պարեկություն անող ռազմամթերքով սարքերի («կամիկաձե դրոններ»)։ Այս պահին նման ԱԹՍ–ի առնվազն մեկ մոդել ՀՀ ԶՈւ զինանոցում է, այն կոչվում է «Ճուտ»։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ԱԹՍ-ները ժամանակակից այն զինատեսակներից ու տեխնիկական միջոցներից են, որոնց կիրառության շրջանակն օրեցոր ընդլայնվում է։

Շեշտը՝ ԱԹՍ արտադրության վրա. ՀՀ-ն պատրաստվում է միջազգային շուկա դուրս գալ. փորձագետ

«Մեր զինված ուժերը բացառիկ է նրանով, որ մենք գրեթե բացառապես հայրենական արտադրության ԱԹՍ-ներ ենք օգտագործում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի, խոսքը մարտավարական օղակի ԱԹՍ-ների մասին է։

«Ուրախալի է այն փաստը, որ մասնավոր ոլորտում այդպիսի սարքերի արտադրությամբ ու ստեղծմամբ զբաղվող ընկերությունների քանակը գնալով ավելանում է»,-փաստում է Հովհաննիսյանը։

ՊՆ-ի մամուլի քարտուղարի խոսքով, դրանք առաջին հերթին հետախուզական միջոցներն են, այսօր նաև մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարվածային ԱԹՍ-ները։

«Ուրախ եմ, որ մեր ընկերությունները փորձում են դուրս գալ միջազգային շուկաներ, քանի որ, ըստ էության, կարծում եմ, որ նրանք ունեն պոտենցիալ` փոքր և միջին ԱԹՍ–ների սեգմենտում ամրապնդելու իրենց դիրքերը միջազգային շուկաներում»,-նշում է Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ, հայկական արտադրության ԱԹՍ-ները բավականին մրցունակ կարող են լինել։