ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չնշեց, թե երբ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դուրս կգան կառավարության ղեկավարի անմիջական ենթակայությունից։
Այսօր, պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, վարչապետն ասաց, որ մոտ ապագայում կվերլուծվի ոստիկանության և ԱԱԾ աշխատանքի արդյունավետությունը՝ կառավարության ներկայիս կառուցվածի պարագայում։
«Քանի որ դեռ մեկ տարի չկա, ինչ երկու կառույցները գործում են ներկայիս կարգավիճակում, ես անձամբ եմ տեսնում խնդիրներ տվյալ կառույցների գործունեության մեջ, սակայն չեմ կարծում, որ տարին մեկ անգամ պետք է փոխել դրանց կարգավիճակը», – ասաց Փաշինյանը։
Խորհրդարանական ընդդիմությունն, ի դեմս «Լուսավոր Հայաստանի», նշում է, որ օրենսդիր մարմինը ոստիկանության և ԱԱԾ–ի գործունեության նկատմամբ վերահսկման որևէ լծակ չունի։ Եվ, Գորգիսյանի խոսքով, հասկանալի չէ, երբ այդ երկու կառույցները կառավարության մաս կդառնան, չէ՞ որ նախարարների կաբինետի ներկայիս կառուցվածքային փոփոխությունները նրանց վրա չեն անդրադառնում։
Միևնույն ժամանակ Փաշինյանն իր կարծիքին է մնում, սակայն կարծում է, որ պետք է մտածել, թե ինչպես ոստիկանությանը դարձնել հաշվետու խորհրդարանին։
Ինչ վերաբերում է ԱԱԾ–ին՝ դեռ պարզ չէ, թե արդյոք այդ կառույցը պետք է հաշվետու լինի օրենսդրական մարմնին։ Վարչապետը չբացառեց նաև հետախուզության և հակահետախուզության առանձին կառույցներ ստեղծելու հնարավորությունը։