ՌԱԴԻՈ

Պողոսյան. «ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլում որևէ բան տեղից դեռ չի շարժվել»

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Sputnik
Պողոսյան. «ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլում որևէ բան տեղից դեռ չի շարժվել»

Ըստ «Կոմերսանտ» պարբերականի, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է նաև հայ լրագրողներին իր տարածքում ընդունելու պատրաստակամության վերաբերյալ հարցը։

«Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը»,-«Կոմերսանտին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները հազվադեպ են լինում, որովհետև ադրբեջանցիները զերծ են մնում դրանցից` «անվտանգության նկատառումներից» ելնելով, բայց իրավիճակը կարող է փոխվել «եթե հայկական կողմն անվտանգության պատշաճ երաշխիքներ տա»։

Մնացականյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել

Որքանով են անկեղծ Բաքվից հնչող հայտարարությունները, Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլում որևէ բան տեղից չի շարժվել, և դրանք արցախյան բանակցություններ չեն, այլ, երևի փորձ Ադրբեջանի համար` ժամանակ շահելու»,-արձանագրում է Թևան Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով, Հայաստանն էլ պետք է հասկան, թե ինչպես այդ ժամանակն օգտագործել ի օգուտ իրեն։

«Ադրբեջանը, հասկանալով, որ այս պահին չունի հնարավորություն ավելի կտրուկ գործողություններ անելու, փորձում է այս ժամանակահատվածում ցույց տալ իր կառուցողական լինելը»,-կարծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը։

Ըստ Պողոսյանի, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ փորձում է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի։

Հիշեցնենք, ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: