ՀՀ գլխավոր դատախազը չի հերքում` Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել

Լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը խոստացել է առաջիկայում հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն տրամադրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հերքում `Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու մասին մամուլում տարածված լուրերը։ Ավելին` այսօր լրագրողների հետ զրույցում Դավթյանը խոստացավ առաջիկայում հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն տրամադրել այդ հարցի շուրջ։

Իսկ այս պահին նշեց, որ ավելին ասել չի կարող։

Սանասարյանն առաջվա պես սիրում է բոլորին. նա մեկնաբանել է իր անվան շուրջ պտտվող լուրերը

«Գործով քննությունը շարունակվում է, բնականաբար, բոլոր վարկածները ստուգվում են։ Թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ»,– ասաց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք` երեկ երեկոյան մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

ԱԱԾ–ն, որի վարույթում քննվում է նշված գործը, այս տեղեկություններն առայժմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։