Գլխավոր դատախազը ներկայացրել է Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը

ՀՀ երկրորդ նախագահը կարող է ներգործել վկաների վրա` նաև դատաքննության ընթացքում։ Գլխավոր դատախազը ներկայացրել է մեղադրող կողմի տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ հիմքերով է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում մնալ կալանքի տակ, եթե քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր թոռնիկի հետ. ՀՔԾ պարզաբանում է և մանրամասներ ներկայացնում

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես` շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է։ Այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլև դատաքննության փուլում։ Որովհետև որքանով, որ հնարավոր է վկայի վրա ներգործել նախաքննության փոլում, այդքանով հնարավոր է ներգործել նաև դատաքննության փուլում»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Դավթյանը։

Սրանք, ըստ դատախազի ենթադրություններ չեն, այլ կանխատեսելի հիմնավորումներ, որոնք բխում են ինչպես ՀՀ օրենսդրությունից, այնպես էլ միջազգային փորձից ու ՄԻԵԴ նախադեպային որոշումներից։

Հիշեցնենք, 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։