Ավինյանի հետ ջերմ հարաբերությունը կապ չունի. Գևորգյանը` իր թեկնածության մասին

Գևորգյանը խոսել է մենաշնորհի ու դրա դեմ պայքարի, ինչպես նաև իր թեկնածությունը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր խոսել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունն առաջադրել է ապրիլի 16–ին։

«Ոլորտը բավականին հետաքրքիր է, ու շատ բան կա անելու, ավելին՝ ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ են լինելու», – ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գևորգյանը նշեց, որ առաջիկայում ելույթ է ունենալու ԱԺ–ում և իր ելույթի գլխավոր կետը վերաբերելու է հասարակության ընկալմանը՝ մենաշնորհի, գերիշխող դիրքերի գների վերաբերյալ։

Հայտնի է` ում է տեսնում Փաշինյանը Արտակ Շաբոյանի աթոռին

«Կարծում եմ՝ ճիշտ չեն ընկալում, թե ինչ է մենաշնորհը, ինչ է գերիշխող դիրքը, և ինչ պետք է անենք այդ կառույցների դեմ։ Պետք է պայքարենք, որ մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողը չչարաշահեն իրենց լիազորությունը։ Մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել։ Մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողենք չարաշահի, սա է հիմնական խնդիրը», – ասաց Գևորգյանը։

Հարցին` արդյո՞ք Հայաստանում գործնականում բոլոր տնտեսվարող օբյեկտների համար հավասար պայմաններ են ստեղծած, նա նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ «դրա մասին տեղեկություն չկա»։

Մեկ այլ հարցին` արդյո՞ք նրա առաջադրման վրա ազդել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերությունները, Գևորգյանը բացասական պատասխան տվեց։

«Տիգրան Ավինյանի հետ իմ ջերմ կապերը չի անդրադարձել որևէ բանի վրա։ Իմ մասնագիտական կարողություններ են ազդել... Իմ թեկնածությունն առաջադրել է անձամբ վարչապետը», – ասաց Գևորգյանը։

Նա չգիտի` իր թեկնածությունը ինչ–որ մեկը խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։

Գեղամ Գևորգյանը հիմա կատարում է գյուղնախարարի պարտականությունները։ Այդ նախարարությունը նախատեսվում է լուծարել պետական ապարատի օպտիմալացման արդյունքում։

ՏՄՊՊՀ նախագահն այժմ Արտակ Շաբոյանն է, որն այդ պաշտոնը ստանձնել է 2010 թվականին։

Հիշեցնենք` ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահներին առաջարկում է վարչապետը, ընտրում` խորհրդարանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը նույնպես ԱԺ լիագումար նիստի օրակարգում է։