ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նվիրաբերված գումարը երկու օրում հատել է 1 միլիարդ եվրոյի սահմանը։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։
Ըստ պարբերականի` գումարները հիմնականում փոխանցում են խոշոր ընկերություններն ու գործարարները, ինչպես նաև չորս հասարակական հիմնադրամները, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Twitter-ում հայտնել է նաև, որ կայք է գործարկվել, որտեղ կարելի է նվիրաբերություններ անել տաճարի վերականգնման համար Նախարարը թվարկել է վստահելի առցանց հարթակները և իր բաժանորդներին հորդորել նվիրատվություններ անել։
Ով ինչքան է նվիրաբերել
Artemis ընկերության սեփականատերերը` Պինո ընտանիքը, 100 միլիոն եվրո է տրամադրել տաճարի վերականգնման համար։ 100 միլիոն եվրո է տրամադրել Total նավթի ու գազի ընկերությունը։
Ֆրանսիացի գործարար Բեռնար Արնոյի ընտանիքն ու Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների խումբը խոստացել են 200 միլիոն տրամադրել։ Նույնքան գումար է փոխանցել նաև LʼOreal կոսմետիկայի ընկերությունն ու սեփականատեր Բետանկուր ընտանիքը։
Տասական միլիոն դրամ են տրամադրել Մարտեն և Օլիվիե Բուիգները Bouygues խմբից, JCDecaux Group, Societe Generale ընկերություններն ու Մարկ Լադրեն Fimalac հոլդինգից, գրում է ՌԲԿ–ն։
ՅՈւՆԵՍԿՕ–ն, Եվրամիությունը, ինչպես նաև առանձին երկրները նույնպես պատրաստ են աջակցել այս հարցում։ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատրաստվում է հաշվեհամար հրապարակել, որին հնարավոր կլինի գումար փոխանցել։
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը:
Տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում: Բազիլիկ տաճարի կառուցումը տևել է մոտ 200 տարի: Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը կվերանորոգեն առաջիկա հինգ տարիների ընթացքում: