Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց` խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված 2 զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետ Պարույր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

«2019թ. մարտի 11-ին Զարթոնքի 6 բնակիչ դիմում են ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ համայնքի ղեկավարը յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներն էլ բացատրություններ են տվել, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսները ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց` խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «ART» բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված 2 զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:

Հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:

Ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։

Ծեծկռտուքի ժամանակ գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը, որսորդական հրացանով կրակել էր օդ։