Ոստիկանության հանդեպ վստահությունն ավելի է ամրապնդվելու. պնդում են Օսիպյանն ու Գրիգորյանը

Ոստիկանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձ հղեցին ՀՀ ոստիկանապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը` խոսելով ոստիկանների արածների ու անելիքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների հետ, ունեցել ծանր կորուստներ, անդառնալի զոհեր, բայց ավելի ամրացած է եղել։ Այսօր ՀՀ ոստիկանությունում ոստիկանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց գնում ենք ճիշտ ճանապարհով. Փաշինյանը ոստիկանությունում է

«Մեր պատվի խնդիրն է հուսախաբ չանել քաղաքացիներին, ոչ մի քայլ չնահանջել գլխավոր մարտահրավերների դեմ պայքարում։ Մենք չենք կարող դավաճանել մեր առաքելությանը, կոչմանը, համազգեստին։ Բոլորս խիստ ու հանդուրժող ենք` վերացնելու ոստիկանությունում առկա թերությունները»,–ասաց Օսիպյանը։

Նա հավելեց նաև, որ համոզված է` հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ ավելի է ամրապնդվելու։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ վերջին մեկ տարում ՀՀ–ում տեղի ունեցած փոփոխությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ոստիկանությունը կարողացել է օրվա հրամայականի համապատասխան փոփոխություններ իրականացնել ու ծառայել ՀՀ–ին, ՀՀ քաղաքացուն։

«Ոստիկանությանը մեր անվտանգության հենասյուներից է և պատահական չէ, որ իր վրա առաքելություն է վերցրել ոչ միայն ներքին անվտանգությունն ապահովելու, այլ նաև մեր սահմանների անառիկությունն ապահովելու առաքելությունը»,–ասաց Գրիգորյանը` դժվարությամբ արտասանելով «անառիկություն» բառը, որն ավելի շուտ հնչեց որպես «անառակ»։

Գրիգորյանը համոզված նշեց, որ ՀՀ քաղաքացիների վստահությունն աճելու է ոստիկանության հանդեպ։

Հիշեցնենք, որ ոստիկանություն է այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։