Թալանել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի պահեստը. ի՞նչ են տարել գողերը

Անհայտ անձը կան անձինք պահեստ են մուտք գործել` նախ ջարդելով շենքի պատուհանը, հետո արդեն կոտրել են դռները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն ապրիլի 14–ին դիմել է ոստիկանություն և հայտնել գողության մասին։ Sputnik Արմենիային ոստիկանությունից տեղեկացրին, որ նրա դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

Կրակոցներ Երևանում. մի հոգի մահացել է, կան վիրավորներ

«Ապրիլի 14–ին, ժամը 19։45–ին քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, իրեն պատկանող պահեստից գողություն են կատարել։ Նրանք պահեստ են մուտք գործել` նախ ջարդելով շենքի պատուհանը, հետո արդեն կոտրել են դռները ու մտել ներս»,–տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից։

Վնասի չափը պարզվում է։ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։

Shamshyan.com-ի տեղեկություններով` Ղարաքեշիշյանին պատկանող պահեստից գողացել են 5 հատ տարբեր տեսակի հեռուստացույց, 1000 հատ կերամիկական թեյի բաժակ, 30 արկղ անկողնային պարագա, 500 հատ յուղաներկ, 50 հատ ներքին հարդարման ներկ և տարբեր տեսակի կենցաղային այլ իրեր։

Նշենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանը հայտնի է Քոթո մականունով։